Անուշ ՊՈՂՈՍՅԱՆ․ ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ՇՓՈԹՎԵԼ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՍԽԱԼ ԹՎԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Անուշ ՊՈՂՈՍՅԱՆ․ ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ՇՓՈԹՎԵԼ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՍԽԱԼ ԹՎԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Անուշ ՊՈՂՈՍՅԱՆ․ ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ՇՓՈԹՎԵԼ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՍԽԱԼ ԹՎԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը «Շփոթված թվեր, շփոթված նախարար, շփոթված կառավարում» վերտառությամբ գրառում է արել, որում նկարագրում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից կատարված վիճակագրական սխալը և դրանից ելնող պետական կառավարման խնդիրները։

Իր գրառման մեջ Անուշ Պողոսյանը նշում է, որ 2026թ. հունվարի 15-ին կառավարության նիստում Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ ապահովագրության շրջանակում առողջապահական հիմնարկներ է այցելել 87 048 քաղաքացի, որոնցից 8 612-ը՝ հիվանդանոցային այցեր են իրականացրել։

Թվերի հանրային կարևորությունից ելնելով՝ «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահը պաշտոնապես դիմել է Առողջապահության նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ բնույթի ծառայություն կամ այց են իրականացրել մնացած 70 697 քաղաքացիները, որոնք չեն դասվում ոչ ամբուլատոր, ոչ հիվանդանոցային այցերի շարքին։

Նախարարությունը պարզաբանում տրամադրելու համար մեկ ամիս ժամանակ է խնդրել՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է «ուսումնասիրել թվերը»։ Սակայն, այդ «խորը մասնագիտական վերլուծության» արդյունքում պարզվել է, որ նախարարը վարչապետին ներկայացրել է սխալ տվյալներ՝ պարզապես շփոթվելով։

Իրավիճակի ամենաաբսուրդային մասը, ըստ Անուշ Պողոսյանի, Ազգային ժողովում նույն հարցին պատասխանելիս նախարարի կողմից ցուցադրված վարքագիծն է։ Նախարարը լուրջ դեմքով հայտարարել է, որ կան նաև այլ ծառայություններ՝ ցերեկային ստացիոնար, շտապ բուժօգնության կանչեր և այլն, և նույնիսկ փորձել է հարցը ներկայացնել որպես անտեղի ու անհասկանալի։

Անուշ Պողոսյանը նշում է, որ այս իրադարձությունները ցույց են տալիս, որ կառավարության նիստերում ներկայացվում են սխալ թվեր, նախարարությունը մեկ ամիս «ուսումնասիրում է» սեփական նախարարի խոսքը, իսկ ԱԺ-ում նույն նախարարը պնդում է, որ ամեն ինչ ճիշտ է, պարզապես պատգամավորներն են «սխալ հարցեր տալիս»։

Անուշ Պողոսյանը նկատում է, որ սա այլևս ոչ թե վիճակագրական սխալ է, այլ պետական կառավարման լուրջ խնդիր, երբ առողջապահության ոլորտում թվերը չեն համապատասխանում իրականությանը, իսկ հակասությունները բացատրվում են ինքնավստահ հեգնանքով։ Նա եզրափակում է, որ առողջապահությունը փորձարարական հարթակ չէ, իսկ հանրությունը պարտավոր չէ հաշտվել «շփոթվել եմ»-ի հետ։