Հայաստան ուղարկվող ԵՄ քաղաքացիական առաքելության նպատակը Երևանի և Բրյուսելի միջև հարաբերությունների խորացումը ցուցադրելն ու արձանագրելն է, և ոչ ավելին։ Այս մասին հայտարարել է արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը՝ խոսելով Հայաստան 2 տարի ժամկետով նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին։
Մանասարյանը նշել է, որ պաշտոնապես առաքելությունն ուղարկվում է Հայաստան՝ աջակցելու այսպես կոչված «հիբրիդային սպառնալիքներին» դիմակայելու հարցում, ինչը, նրա խոսքով, ներառում է միջամտություն ընտրություններին, ապատեղեկատվության և քարոզչության տարածում, կիբերհարձակումներ և ապօրինի ֆինանսավորում։
«Այս առաքելությունը պետք է հետևի, որպեսզի արտաքին միջամտություն չլինի։ Բայց եթե նայենք Եվրոպական միության գործունեությանը վերջին տարիներին, տպավորություն է ստեղծվում, որ հենց իրենք են զբաղված ազգային պետությունների ընտրություններին միջամտելով»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ԵՄ աջակցությունն այս բաղադրիչով անհեթեթություն է թվում։ Նրա գնահատմամբ, «հիբրիդային սպառնալիքների» մյուս բաղադրիչների դեպքում էլ իրավիճակը մոտավորապես նույնն է։
Անդրադառնալով ապատեղեկատվության և քարոզչության տարածմանը՝ Մանասարյանը նշել է, որ քաղաքական գործընթացներով հետաքրքրված մարդիկ միշտ փորձում են դիտարկել տարբեր աղբյուրներ։ «Ես հետևում եմ և՛ ռուսական, և՛ արևմտյան աղբյուրներին։ Եվ ամենուր առկա է թե՛ ապատեղեկատվություն, թե՛ քարոզչություն։ Դա նորմալ է, որովհետև յուրաքանչյուր պետություն պաշտպանում է իր շահերը։ Սակայն այս դեպքում հարց է առաջանում՝ ո՞ւմ ապատեղեկատվությունից և քարոզչությունից պետք է այդ առաքելությունը մեզ պաշտպանի»,- հարց է բարձրացրել նա։
Անդրադառնալով կիբերհարձակումներից պաշտպանությանը՝ Մանասարյանը կասկածանք է հայտնել, թե արդյոք 20-30 հոգանոց առաքելությունը կարող է իրականում պաշտպանել Հայաստանը։ Նրա խոսքով՝ երկիրն առանց դրա էլ բավականին լուրջ ներուժ ունի կիբերսպառնալիքներին դիմակայելու համար։
Խոսելով «ապօրինի ֆինանսավորման» մասին՝ նախկին փոխարտգործնախարարը հարց է տվել, թե ինչ է ենթադրվում այդ ձևակերպման տակ։ «Եթե խոսքն ընտրողների կաշառման մասին է, դա իրավապահ մարմինների աշխատանքն է։ Եթե խոսքն ավելի լայն իմաստի մասին է՝ ոչ կառավարական կառույցների ֆինանսավորման, ապա ի տարբերություն ԵՄ-ի, Ռուսաստանի կամ նույնիսկ Վրաստանի, Հայաստանում նույնիսկ դա հստակ սահմանող օրենք չկա։ Այդ դեպքում ինչի՞ց են մեզ պաշտպանելու»,- հարց է բարձրացրել նա։
Արդյունքում դիվանագետը եկել այն եզրակացության, որ առաքելության իրական նպատակը հանգում է քաղաքական բաղադրիչին։ «Այդ առաքելությունը, ըստ էության, պետք է ուղղակի արձանագրի Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների խորացումն ու դրանց զարգացումը։ Դա, եթե չեմ սխալվում, նշված է նաև իշխող կուսակցության ծրագրում»,- նշել է Մանասարյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանում ժողովրդավարությանն աջակցելուն, Մանասարյանը համոզված է, որ առաքելությունը դրա հետ որևէ առնչություն չի ունենա։ «Ես վստահ եմ, որ «Եվրոպական միություն» և «ժողովրդավարություն» ձևակերպումները չի կարելի գործածել նույն նախադասության մեջ, որովհետև վերջին տարիներին ԵՄ-ն ավելի ու ավելի է հակվում ավտորիտար գործելաոճի, հատկապես Բրյուսելի մակարդակով»,- հայտարարել է նա՝ մատնանշելով Հունգարիայի, Մոլդովայի ընտրությունները, հիշեցնելով Մարին Լը Պենի դեպքը և ԵՄ լիակատար լռությունը։
