ՀԱՅԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է «ՍԼԱՔՆԵՐՆ ՈՒՂՂԵԼ» ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ, ՄՈՍԿՎԱՅԻ ՇԱՀԵՐԸ ՆՐԱՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է «ՍԼԱՔՆԵՐՆ ՈՒՂՂԵԼ» ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ, ՄՈՍԿՎԱՅԻ ՇԱՀԵՐԸ ՆՐԱՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է «ՍԼԱՔՆԵՐՆ ՈՒՂՂԵԼ» ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ, ՄՈՍԿՎԱՅԻ ՇԱՀԵՐԸ ՆՐԱՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է, որ Ռուսաստանը ներգրավվի Հայաստանից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ երկաթուղային հատվածների վերականգնման գործում, որոնք այնուհետև կմիանան «Թրամփի երթուղուն», որպեսզի քննադատության դեպքում սլաքներն ուղղվեն Ռուսաստանի դեմ։ Այս կարծիքը հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով օգնել երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման հարցում։ Այս մասին վարչապետ Փաշինյանը հայտնել էր հունվարի 15-ին՝ նշելով, որ հարցը արդեն քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և երկու երկրների կառավարությունների մակարդակով։

Զատուլինը նշել է, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ այդ միջանցքով տարանցումից ստացվող շահույթի 76 տոկոսը կպատկանի ԱՄՆ-ին, իսկ 24 տոկոսը՝ Հայաստանին։

«Ուրիշ ոք չի կարող մասնակցել այդ գործընթացին։ Ռուսաստանը կարող է ներգրավված լինել որոշ գործառույթներում, բայց չի կարող լինել այդ ընկերության հիմնադիրների կամ բաժնետերերի շարքում։ Փաշինյանը, ցանկանալով շեղել քննադատությունը, որ նա անտեսում է Ռուսաստանի շահերը, փորձում է Ռուսաստանին ներգրավել այս աշխատանքի մեջ»,- ընդգծել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ Հայաստանը փորձում է «սլաքներն ուղղել» Ռուսաստանի դեմ, քանի որ նրան չեն հետաքրքրում Մոսկվայի շահերը։

«Մենք խոսում ենք Ադրբեջանին և Թուրքիային հարակից տարածքների մասին։ Փաշինյանը ցանկանում է Ռուսաստանին ներքաշել այս աշխատանքի մեջ, որպեսզի հետո կարողանա պնդել, որ Ռուսաստանը ներգրավված է։ Սա մոտավորապես նույնն է, ինչ տեղի ունեցավ մեր խաղաղապահ զորախմբի հետ, որը սկզբում հրավիրվեց Ղարաբաղ, բայց հետո նրա ներկայությունը գործնականում անտեսվեց։ Մենք պետք է հասկանանք, որ Փաշինյանը չի գործում մեր շահերից ելնելով. նա խաղադրույք է կատարում Արևմուտքի հետ դաշինքի և բարեկամության վրա։ Նրա առաջարկները պետք է բազմիցս վերլուծվեն՝ համոզվելու համար, որ թաքնված աստառ չկա»,- եզրափակել է Կոնստանտին Զատուլինը։