«Հայաստան» դաշինքը որոշել է վերցնել պատգամավորական մանդատները՝ ընդդիմության միասնական դիրքորոշում ունենալու և պայքարը շարունակելու տրամաբանությամբ։ Այս մասին հայտարարվում է դաշինքի տարածած հայտարարության մեջ։
«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ընտրողներ, – ասվում է հայտարարության մեջ։ – Սահմանադրական դատարանի վճռից հետո «Հայաստան» դաշինքն անհրաժեշտ է համարում ներկայացնել իր դիրքորոշումը պայքարի հետագա ռազմավարության վերաբերյալ։ Մենք վերահաստատում ենք մեր գնահատականը. ՍԴ որոշումը չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը։ Վերարտադրված վարչախումբը զուրկ է լեգիտիմությունից։»
Ըստ դաշինքի՝ անհրաժեշտ է հստակ արձանագրել, որ մանդատների վերցնելը նպատակ ունի վիճարկելու իշխանության ներկայացվածությունը Ազգային ժողովում և կառավարություն ձևավորելու նրա իրավունքը, այլ ոչ թե ընդդիմության ստացած ձայները։ «Հայաստան» դաշինքը նշում է, որ ավելի քան 550 հազար քաղաքացիների՝ ընդդիմությանը տրված արժանապատիվ քվեն խիստ պարտավորեցնող է։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ պատգամավորական կարգավիճակը դիտարկվում է որպես լրացուցիչ գործիք՝ իրավական և քաղաքական գործիքակազմ, որը թույլ կտա իշխանության հակապետական ծրագրերի դեմ պայքարել։ Ըստ դաշինքի՝ մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն։
«Խորհրդարանում ներկայացվածությունը մենք դիտարկում ենք քաղաքացիների իրավունքների պաշտպանության, նրանց խնդիրների բարձրաձայնման և լուծումներ առաջարկելու գործիք, որը ծառայելու է հանրության և միջազգային դերակատարների հետ կապերի ամրապնդմանը, միջազգային հարթակներում այլընտրանքային մոտեցումների ներկայացմանը, ինչպես նաև հանրային լայնածավալ համախմբմանն ու դիմադրության կազմակերպմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
«Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ, որը պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը։ Ըստ դաշինքի՝ պայքարը և դիմադրությունը այլընտրանք չունեն։
Հայտարարության մեջ նշվում են նաև խորհրդարանական գործունեության հիմնական ուղղություններից մեկը․ «Հայաստանի Սահմանադրության պարտադրված փոփոխությունների կանխում»։ Դաշինքը պարտավորվում է ողջ գործիքակազմով և հանրային մոբիլիզացիայով հակազդել ցանկացած փորձի, որը նպատակ ունի փոխել Մայր օրենքը և հարվածել Հայաստանի ինքնիշխանությանը։
