Չեխական մամուլ․ Վացլավ Հավելի անվան մրցանակի թեկնածու Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտում

Չեխական մամուլ․ Վացլավ Հավելի անվան մրցանակի թեկնածու Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտում

Չեխական մամուլ․ Վացլավ Հավելի անվան մրցանակի թեկնածու Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտում

Չեխական Idnes.cz պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի՝ Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակի առաջադրման փաստին և նրա, ինչպես նաև Բաքվում պահվող մյուս հայ գերիների ճակատագրին։

Հոդվածում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները, այդ թվում՝ Վացլավ Հավելի անվան մրցանակի հնարավոր դափնեկիր Ռուբեն Վարդանյանը, Ադրբեջանում դատապարտվել են խիստ պատիժների, որոնցից մի քանիսը՝ ցմահ ազատազրկման։ «Amnesty International»-ը դատավարությունները բնութագրել է որպես ոչ թափանցիկ և շինծու։ Իրավիճակը քննադատության է արժանացել նաև Եվրոպական խորհրդարանի կողմից, որը հատուկ բանաձևով դատապարտել է հայ ռազմագերիների և պահվող անձանց անօրինական կալանավորումը։

2026 թվականի փետրվարին, Ռուբեն Վարդանյանի դատավճռից հետո, «Amnesty International»-ը էթնիկ հայերի դատավարությունը որակել է որպես արդարադատության ծաղր։ Ըստ հրատարակության՝ դատավարության ընթացքում մեղադրական եզրակացության ամբողջական տեքստը չի հրապարակվել, իսկ «Amnesty International»-ի պարզաբանումների հարցումները մնացել են անպատասխան Ադրբեջանի իշխանությունների կողմից։

Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը մայիսին միջազգային իրավապաշտպանների խմբի կողմից առաջադրվել է 2026 թվականի Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակին։ Առաջադրողները նրա երկարամյա մարդասիրական գործունեությունը, հատկապես «Ավրորա» նախաձեռնության շրջանակում իր աշխատանքը, համարում են արժանի գնահատման։ Նրանց կարծիքով՝ մրցանակի շնորհումը ոչ միայն կդառնա Ռուբեն Վարդանյանի մարդասիրական գործունեության արժանի գնահատականը, այլև կարևոր ազդակ կլինի նրա, ինչպես նաև Բաքվում պահվող մյուս հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։

Հոդվածում նաև նշվում է, որ 2026 թվականի փետրվարի 5-ին Բաքվի դատարանը դատավճիռներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների նկատմամբ։ Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը և Դավիթ Իշխանյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը՝ 20 տարվա ազատազրկման։ Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Հոդվածում նշվում է, որ Ռուբեն Վարդանյանի գործը քննվել է առանձին վարույթով, և նա հրաժարվել է բողոքարկել դատավճիռը՝ այն գնահատելով որպես գիտակցաբար հրաժարում լեգիտիմացնելու գործընթացը։ Նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, հայտնել է, որ հայրը դարձել է «քաղաքական խաղի պատանդ»։

Հոդվածում նաև անդրադարձ է կատարվում այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել դատավարության ընթացքում։ Ըստ Դավիթ Բաբայանի՝ նրա վերաքննիչ բողոքները անհետացել են, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ կապը զգալիորեն սահմանափակվել է։ Ըստ Դավիթ Վարդանյանի՝ նրա հորը կալանքի առաջին շաբաթվա ընթացքում հրաժարվել են տրամադրել Աստվածաշունչ և հայերեն քրիստոնեական գրքեր։

Հոդվածի վերջում նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ռուբեն Վարդանյանին և մյուս կալանավորված հայ ղեկավարներին ճանաչել են որպես քաղաքական բանտարկյալներ։