ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԴԱՏԱՎՃԻՌԸ ՉԲՈՂՈՔԱՐԿԵԼ. ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԴԱՏԱՎՃԻՌԸ ՉԲՈՂՈՔԱՐԿԵԼ. ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԴԱՏԱՎՃԻՌԸ ՉԲՈՂՈՔԱՐԿԵԼ. ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված դատավճռից հետո տեղեկացնում ենք հետագա իրավական գործողությունների վերաբերյալ նրա դիրքորոշման մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռուբեն Վարդանյանի ընտանիքը։

Ըստ ընտանիքի՝ Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել։ Այս որոշումը, ինչպես նշվում է հայտարարությունում, չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարում պաշտպանությունից։

Ընտանիքը պնդում է, որ այս քայլը կատարվում է գիտակցաբար՝ որպես հրաժարում լեգիտիմացնելու գործընթաց, որը, նրանց կարծիքով, ի սկզբանե կապ չուներ արդարադատության հետ։

Հայտարարության մեջ նշվում է, որ լսումների ընթացքում կատարվողը ոչ թե դատաքննություն էր, այլ «բեմականացում»։ Նիստերը, ընտանիքի խոսքով, անցկացվել են դռնփակ, անկախ դիտորդներին թույլ չի տրվել ներկա գտնվել, իսկ ներկայացված միջնորդությունները՝ անտեսվել են։

Ավելի մանրամասն նշվում է, որ դատավճռի ամբողջական տեքստը դատարանի դահլիճում հրապարակվել չէ, իսկ ընտանիքին դատավճռի պաշտոնական, գրավոր տեքստը՝ պատշաճ թարգմանությամբ, տրամադրվելուց հետո նույնիսկ ֆորմալ առումով հասկանալու հնարավորություն չի եղել 20 տարվա ազատազրկման հիմքերը։

Ընտանիքը նշում է, որ բողոքարկումն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ գոյություն ունի առաջին ատյանի դատարանի սխալներն ուղղելու հնարավորություն։ Նրանց կարծիքով, երբ խախտումներն ունեն համակարգային բնույթ և առնչվում են արդարադատության հիմնարար սկզբունքներին, բողոքարկումը վերածվում է ապօրինի հետապնդումը լեգիտիմացնող ևս մեկ գործիքի։

Հայտարարության մեջ նշվում է, որ վերադաս ատյան դիմելը կնշանակի ճանաչել դատական գործընթացի՝ իրավունքի նորմերի թեկուզ նվազագույն պահանջներին համապատասխանությունը, ինչը, ընտանիքի կարծիքով, տեղի չունի։

Ըստ ընտանիքի՝ Ռուբեն Վարդանյանը գիտակցաբար հրաժարվում է դատական գործընթացի իմիտացիային մասնակցելուց։ Նա չի ճանաչում դատավճիռը որպես արդարադատության իրավական ակտ և այն համարում է քաղաքական շարժառիթներով և անօրինական հետապնդման մաս, որը ոչ այլ ինչ է, քան արդարադատության մերժում։

Ընտանիքը պնդում է, որ բողաքարկումից հրաժարումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ հրաժարում՝ «ֆարսին մասնակցելուց»։ Նրանք հավելում են, որ կշարունակեն պայքարել արդարության համար միջազգային իրավական մեխանիզմների և միջազգային այլ ատյանների միջոցով։

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Բաքվում դատապարտվել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ 20 տարվա ազատազրկման։ Փետրվարի 5-ին Բաքվի դատարանը հրապարակել էր նաև Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների դատավճիռները՝ ցմահ և 20 տարվա ազատազրկման։