ՓԱՇԻՆՅԱՆԸ ՈՒ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ 2025Թ. 51.6 ՄԼՆ ԴՐԱՄ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՈՒ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ 2025Թ. 51.6 ՄԼՆ ԴՐԱՄ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՈՒ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ 2025Թ. 51.6 ՄԼՆ ԴՐԱՄ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և երկու փոխվարչապետներն ընդհանուր առմամբ 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել 2025 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքների հիման վրա։

Ըստ Կառավարության տրամադրած տեղեկատվության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է մոտ 11 մլն 951 հազ. դրամ, իսկ երկու փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը՝ մոտ 106 մլն 738 հազ. դրամ։

Այս պարգևավճարները հատկացվել են 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության առաջնահերթությունների և դրանց կատարողականի արդյունքային ցուցանիշների հիման վրա։ Ընդհանուր առմամբ, 2025 թվականի առաջին կիսամյակում Կառավարության աշխատակազմի աշխատողներին (միջինը 491 մարդ) և վարչապետի աշխատակազմի ղեկավարներին հատկացվել է մոտ 381 մլն 848 հազ. դրամ։

Այս պարգևավճարների համակարգը ներդրվել է 2021 թվականից։ Ըստ Կառավարության տվյալների՝ 2021-2025 թվականներին վարչապետի աշխատակազմի աշխատողները, վարչապետն ու երկու փոխվարչապետները ստացել են ընդհանուր 2 մլրդ 835 մլն 550 հազ. դրամ պարգևատրում և պարգևավճար։

Պարգևավճարների վերաբերյալ տեղեկատվությունը «Հետքը» լրատվական կայքը ստացել է Կառավարության գրավոր հարցման միջոցով։ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը նշել է, որ պարգևատրումները տրվել են աշխատանքային պարտականությունների կատարման ամսական, կիսամյակային և տարեկան արդյունքների հիման վրա։

Կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ հաստատվել է «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը»։ Կարգի նպատակն է խրախուսել Կառավարության ծրագրերով սահմանված նպատակների և խնդիրների իրականացման ուղղությամբ առաջնահերթ անելիքների բարձր կատարողականը։

Այս ծրագրի շրջանակում յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի առաջնահերթությունները և դրանց կատարողականի գնահատման ցուցանիշները առաջարկում են կառավարման մարմինների ղեկավարները՝ վարչապետի հանձնարարականներին համապատասխան։ Գնահատականները քննարկվում են փոխվարչապետների հետ և ներկայացվում վարչապետին։ Կատարողականի գնահատման վերջնական արդյունքները արձանագրվում և ներկայացվում են վարչապետին։