ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՆԴԵՊ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԸ

ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՆԴԵՊ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԸ

ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՆԴԵՊ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԸ

ՀԱԵ Եպիսկոպոսաց դասը խորը մտահոգություն է հայտնում եկեղեցի-պետություն հարաբերությունների անցանկալի ներկա կացության առնչությամբ, ասվում է Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքի արդյունքում տարածված հայտարարության մեջ։

Այն ստորագրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Երուսաղեմի Հայոց պատրիարքության և Կ․Պոլսի Հայոց պատրիարքության 25 եպիսկոպոս։ Հայտարարությունն ստորագրել է նաև ավելի վաղ եկեղեցու բարենորոգման համար վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը միացած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։

Նշվում է, որ քրեական անհիմն հետապնդման պատճառով արգելափակվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների ելքը Հայաստանից ու մասնակցությունը եկեղեցու կյանքում կարևոր նշանակություն ունեցող այս պատկառելի հավաքին։

«Արհեստականորեն ստեղծված խոչընդոտի պատճառով հարկադրված էինք տեսակապի միջոցով ունկնդիր լինել կաթողիկոսի հայրապետական պատգամին»,- ասվում է հայտարարության մեջ։

Եպիսկոպոսները կոչ են արել ՀՀ իշխանություններին դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա։

Նրանք հորդորել են վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու կաթողիկոսի նկատմամբ բռնաճնշումներին, ազատ արձակել կալանավորված չորս սրբազանին, քահանային, ինչպես նաև եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին, գործել բացառապես ՀՀ սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնալ հռչակված ժողովրդավարական սկզբունքներին՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն։

Եպիսկոպոսաց դասը նշել է, որ առկա խնդիրներն ու հակառակությունները պետք է փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։ Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցները, միաժամանակ, հորդորել են խոտորյալ ութ սրբազանին գործել Սուրբ Էջմիածնի, կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի և ծառայական կոչման գիտակցությամբ, ներեկեղեցական կյանքին առնչվող խնդիրներն արծարծել և լուծել բացառապես եկեղեցու լիազոր ատյաններում։

ՀՀ գլխավոր դատատախազությունը փետրվարի 14-ին քրեական հետապնդում էր հարուցել վեհափառի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման (Գևորգ) Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Կաթողիկոսի ելքը ՀՀ-ից արգելվել էր։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը փետրվարի 15-ին հայտարարել էր, որ կաթողիկոսի բացակայությամբ ժողովը դառնում է Եպիսկոպոսաց հավաք։