Հայաստանը հրաժարվել է «Ռուսական մարդասիրական առաքելություն», «Եվրասիա» կազմակերպությունների և Ռոսսոտրուդնիչեստվոյի միջոցով ղարաբաղիներին հատկացվող աջակցությունից, որը մեկնարկել էր 2025 թվականի հունիս-հուլիսին՝ ի պատասխան հայկական հասարակական կազմակերպությունների դիմումի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԻԱ Նովոստի գործակալությունը նախկինում հայտնել էր, որ պաշտոնական Երևանը հրաժարվել է Ռուսաստանի կողմից ղարաբաղցիներին ուղղված մարդասիրական օգնությունից։
Զախարովան նշեց, որ օգնության շրջանակում աջակցություն է ցուցաբերվել հանրապետության գրեթե բոլոր խոշոր քաղաքներում և հեռավոր ու դժվարամատչելի համայնքներում գտնվող գրեթե 7 հազար ընտանիքի։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը նշված տարածաշրջանի բնակիչներին երբեք չի թողել առանց աջակցության և օգնության, և երբեք անտարբեր չի մնացել Հայաստանում գտնվող ղարաբաղցիների ճակատագրի նկատմամբ։
Զախարովան հիշեցրեց, որ Մոսկվան առաջիններից էր, որ մարդասիրական օգնություն ուղարկեց Հայաստան, թեև արդեն այդ ժամանակ Երևանում այնքան էլ ուրախ չէին ռուսական կողմի աջակցությունից։
«Նույնիսկ պաշտոնական հաղորդագրություններով հայտարարվում էր՝ շնորհակալություն, պետք չէ։ Հիմա էլ մերժում են ղարաբաղիների համար նախատեսված աջակցության շարունակումը», – ասաց նա։
Նա նաև նշեց, որ այս ընթացքում մատակարարվել է մոտ 140 տոննա բեռ՝ սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ և մասնագիտացված մանկական հավաքածուներ։ Ըստ նրա՝ օգնության շնորհիվ մարդիկ և Հայաստանի իշխանություններն ավելի շատ կարող էին կենտրոնանալ բնակարանային, զբաղվածության և սոցիալական վերաինտեգրման խնդիրների վրա։
Ավելի լավ էֆեկտ ունեցել այն փաստը, որ որոշ ապրանքներ գնվել են Հայաստանում, ինչը խթանել է տեղական արտադրությունը և փոքր բիզնեսը։
«Երևանի հրաժարվելը հասկանալի կլիներ, եթե օգնության կարիք չլիներ։ Այդ դեպքում ակնհայտ է, որ ռուսական կողմն էլ չէր առաջարկի», – նշեց Զախարովան։
Մինչդեռ, նրա խոսքով, քաղաքացիների դիմումների թիվը աճել է, և հաջորդ խմբաքանակի մատակարարումը մերժելու հիմնավորումը՝ «հայկական իրավական նորմերը», ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ։
«Հայկական իրավական նորմերը սահմանափակում են նվիրատվությունների և բարեգործական օգնության տրամադրումը նախընտրական շրջանում», – ընթերցեց Զախարովան Երևանի կողմից տրված պաշտոնական պատասխանը՝ հավելելով, որ ռուսական կողմը փորձել է պարզել, թե ինչ է դա նշանակում, բայց որևէ պարզաբանում չի ստացել։
Նա ընդգծեց, որ քաղաքական ենթատեքստ չունեցող մարդասիրական օգնությունից հրաժարվելը պայմանավորված է ՀՀ իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում։
Հիշեցնենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանվել է 115 365 մարդ։
