ԱՐՑԱԽԻ ԱԺ․ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՆՉԵՑՐԱԾ ՊԱՌԱԿՏԻՉ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՐՑԱԽԻ ԱԺ․ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՆՉԵՑՐԱԾ ՊԱՌԱԿՏԻՉ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՐՑԱԽԻ ԱԺ․ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՆՉԵՑՐԱԾ ՊԱՌԱԿՏԻՉ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արցախի Ազգային ժողովի խմբակցություններն անընդունելի և դատապարտելի են համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած պառակտիչ արտահայտությունները՝ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների վերաբերյալ։ Այդ մասին այսօր հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Ազգային ժողովը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ երևանյան մետրոյում Նիկոլ Փաշինյանը բղավելով խոսել է արցախցի երիտասարդ կնոջ հետ, որը մանկահասակ երեխայի հետ էր։ Վարչապետին բարկացրել էր այն փաստը, որ կինը հրաժարվել էր վերցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական խորհրդանիշ դարձած Հայաստանի քարտեզը՝ կրծքանշանի տեսքով։ Նա արցախցիներին «փախածներ» է անվանել ու ասել, որ չփորձեն իրեն մեղադրել Ղարաբաղը հանձնելու համար։

Արցախի ԱԺ-ն իր հայտարարությունում նշում է․ «Պետության ղեկավարի մակարդակով նման բառապաշարի օգտագործումն անհամատեղելի է ազգային համերաշխության հռչակված սկզբունքների հետ։ Արցախցիներին միտումնավոր անվանարկելը ոչ միայն նվաստացուցիչ է, այլև իրականության կոպիտ խեղաթյուրում»։

Պատգամավորները հիշեցնում են, որ խոսքը հազարավոր մարդկանց մասին է, ովքեր զրկվել են իրենց հայրենիքից՝ գոյաբանական սպառնալիքի պայմաններում և բռնի տեղահանման ճանապարհով։ Նրանց արժանապատվության հաշվին քաղաքական շահարկումը, նրանց խոսքով, անթույլատրելի է։

«Երբ պետության ղեկավարի պատասխանատվություն ստանձնած գործիչը սկսում է իր ժողովրդի իրավունքները ներկայացնել որպես «անիրատեսական» կամ «մոլորություն»՝ նա այլևս չի զբաղվում քաղաքականությամբ, նա զբաղված է սեփական անգործությունն ու ձախողումները արդարացնելով»,– ընդգծում են օրենսդիրները։

Արցախի ԱԺ-ն պնդում է, որ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սակարկման առարկա չէ. այն հիմնարար իրավունք է, որը չի կարող չեղարկվել որևէ պաշտոնյայի հայտարարությամբ կամ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։

Նրանց հայտարարության մեջ նաև նշված է․ «Ավելին, անընդունելի է այն հռետորաբանությունը, որով փորձ է արվում մեղադրանք ներկայացնել մեզ՝ արցախցիներիս, Հայաստանի Հանրապետության բյուջեից ցուցաբերված «աննախադեպ» չափերի աջակցության համար։ Համազգային համերաշխությունը չի կարող ներկայացվել որպես «պարտք» կամ շահարկվել որպես ճնշման գործիք»։

Արցախի ԱԺ պատգամավորները պահանջում են անհապաղ դադարեցնել նման հայտարարությունների տարածումն ու տիրաժավորումը և ձեռնպահ մնալ հասարակությունը պառակտող հռետորաբանությունից։ Նրանք եզրափակում են հայտարարությունը հետևյալ մտքով․ «Յուրաքանչյուր տեսակետ կամ արտահայտություն՝ հնչեցված պետական բարձր մակարդակում, անպայման թողնում է հետևանքներ, իսկ այդ հետևանքների պատասխանատվությունը պատմությունը շատ երկար է պահում»։