Հայկական ծաղկաբույծները զգում են ՌԴ սահմանափակումների ծանր հետևանքները

Հայկական ծաղկաբույծները զգում են ՌԴ սահմանափակումների ծանր հետևանքները

Հայկական ծաղկաբույծները զգում են ՌԴ սահմանափակումների ծանր հետևանքները

Ռոսսելխոզնադզորի՝ հայկական ծաղկի արտադրանքի ներմուծումը սահմանափակելու որոշումից հետո ծաղկաբույծները բախվել են ծանր իրավիճակի՝ ծաղիկների ներքին շուկայում վաճառքի ծավալների և գների կտրուկ անկման հետևանքով։

Ինչպես հայտնի է, ռուսական կողմը մայիսի 15-ին հայտնաբերել էր խախտումներ հայկական գյուղմթերքի որակավորման համակարգում, ինչի արդյունքում հունիսի 12-ից սահմանափակել էր Հայաստանից բոլոր կարանտինային արտադրանքների ներմուծումը։

«Հրազդան» մարզադաշտի մոտ գտնվող ծաղկի մեծածախ շուկայում կատարված հարցումը ցույց է տալիս, որ սահմանափակումների ազդեցությունը շոշափելի է դարձել ոչ միայն այն արտադրողների համար, որոնք աշխատում էին արտահանման շուկայի համար, այլև ներքին շուկային ծառայող վաճառողների։

Արտահանման համար նախատեսված արտադրանքի մի մասը մնալով երկրում, ներքին շուկայում առաջացել է ծաղիկների ավելցուկ, ինչի հետևանքով գները կտրուկ նվազել են։ Օրինակ, արտադրողներից մեկը նշում է, որ առաջ արևածաղկի կապուկը վաճառվում էր 2000 դրամով, իսկ հիմա նույն կապուկը դժվարությամբ գնում են ընդամենը 200 դրամով։

Ֆերմերները նաև հայտնում են, որ իրենց արտադրանքի զգալի մասը ստիպված են դեն նետել, քանի որ այն չի սպառվում և փչանում է։

Այս իրավիճակը հատկապես բարդ է դարձել նրանց համար, ովքեր աշխատում են վարկերի հաշվին։ «Այստեղ բոլորը վարկերի տակ են։ Ինչպե՞ս վճարենք դրանք, եթե ես պետք է ծաղիկը վաճառեի 3000 դրամով, իսկ հիմա նույնիսկ 1000-ով չեն վերցնում», – ասում է մեկ այլ զրուցակից։

Արտադրողները հույս ունեն կամ արտահանման շուտափույթ վերականգնման, կամ պետության կողմից աջակցության կոնկրետ միջոցների վրա։ Առայժմ շատ տնտեսություններ, իրենց խոսքով, դժվարությամբ են իրացնում արտադրանքը՝ փորձելով գոնե ծածկել ներդրված միջոցները։

Արտադրողների հիմնական խնդիրը տեղեկատվության պակասն է։ Նրանք պնդում են, որ իրենց հետ ոչ ոք չի կապնվել պետական աջակցություն ստանալու հարցով, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էին իշխանությունները։ «Ոչ ոք մեզ ոչինչ չի բացատրել։ Մենք օգնության մասին լսել ենք միայն լուրերից, բայց թե ինչպես այն ստանալ և ինչ է անհրաժեշտ դրա համար անել, ոչ ոք չգիտի», – նշում է մեկը։

Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է, որ տեղեկատվությունը սուբսիդավորման ծրագրերի և աջակցության միջոցների մասին տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում, իսկ խորհրդատվություն կարելի է ստանալ նախարարության թեժ գծով։

Հարցված ծաղկաբույծները, սակայն, հայտնում են, որ չեն ճանաչում այն ֆերմերներին, ում արտադրանքը սահմանափակումներից հետո ուղարկվել է Եվրոպա։ «Մենք այդ շուկայում չենք ճանաչում որևէ մեկին, ում ծաղիկները Եվրոպա տարած լինեն», – ասում է զրուցակիցներից մեկը՝ ընդգծելով, որ իրենք ամեն ինչ փորձում են իրացնել ներքին շուկայում, որտեղ գնորդներ գրեթե չկան։