«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, համագործակցելով չեխական զբոսաշրջային օպերատոր «Gepard Express»-ի հետ, կրկին կգործարկի զբոսաշրջային գնացք։
Ուղևորությունը նախատեսված է հուլիսի 4-12-ը։ Այս ընթացքում շուրջ 200 զբոսաշրջիկ, որոնց մեծ մասը Չեխիայից է, կուղևորվեն Երևան-Վանաձոր-Այրում-Թբիլիսի-Բաթում-Երևան երթուղով։
Զբոսաշրջիկները 8 օր կապրեն «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նոր և ժամանակակից վագոններում։ Նրանք կայցելեն զբոսաշրջային վայրեր, կծանոթանան Հայաստանին և Վրաստանին՝ ճանապարհի ընթացքում և այցելություններ կատարելով տարբեր քաղաքներում։
Սա արդեն երկրորդ ուղևորությունն է, որ կազմակերպում են «Հարավկովկասյան երկաթուղին» և չեխական ընկերությունը։ Առաջինը տեղի էր ունեցել 2025 թվականին։
