Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ կայացած ճեպազրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հարցերի պատասխանների ժամանակ անդրադարձավ ԵՄ-ից Հայաստանին տրամադրվող աջակցությանը՝ «հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար»։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Հայաստանում այսօր իշխանությունների կողմից գործածվում է արտաքին ներգործության մեծ ծավալ, որը, նրա խոսքով, ունի ադրբեջանական և թուրքական ծագում։ Սակայն Մամիջանյանը կասկածում է, թե Հայաստանը ԵՄ-ից աջակցություն է խնդրել հենց այդ ազդեցություններին դեմ պայքարելու համար։
«Ի՞նչ հիբրիդային պատերազմ, ի՞նչ արտաքին ազդեցություն․․․ Եթե «արտաքին ազդեցություն» ասելով նկատի ունեն, որ Հայաստանում ընտրությունները կազմակերպում է մի մարդ, որը ցանկալի է Ադրբեջանի և Թուրքիայի համար (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին), ապա այո, այդ տրամաբանության մեջ ՀՀ-ում առկա է արտաքին ազդեցություն»,- նշեց Մամիջանյանը։
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ իր համար անհասկանալի է եվրոպացի գործընկերների քայլը՝ աջակցել մի ռեժիմի, որի օրոք, նրա կարծիքով, Հայաստանում կան քաղբանտարկյալների մեծ թիվ, իրականացվում են ոստիկանական բռնաճնշումներ, իսկ դատական և իրավապահ համակարգերը գործում են իշխանությունների ուղղորդմամբ։
Մամիջանյանի կարծիքով՝ տեղի ունեցողի հեռու գնացող սպառնալիքներից մեկն այն է, որ Փաշինյանը հետագայում այլախոհների և ընդդիմադիրների նկատմամբ տարբեր ճնշումներ է գործադրելու՝ այդ ամենը փաթեթավորելով «արտաքին ներգործության» պայմաններում։
«Այս գործընթացը ունի երկու կարևոր բաղադրիչ․ նախ՝ սա գումարի, փողի տեքսով ներգործություն է ներպետական խնդիրներին՝ ընտրական գործընթացներին, երկրորդը՝ այս որոշումն ակնհայտ է դարձնում, որ Փաշինյանի հետագա բոլոր բռնաճնշումները կփաթեթավորվեն նրա տակ, թե օտարերկրյա միջամտություն ենք չեզոքացնում»,- նշեց Մամիջանյանը։
Այս հարցումներին ի պատասխան ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշեց, որ ԵՄ-ի աջակցությունը փորձի փոխանակման շրջանակում է տրամադրվում և որևէ կերպ չի խախտում Հայաստանի ներքին գործերի անկախությունը։ Նա նաև հակադարձեց ընդդիմադիր գործընկերներին՝ հարցնելով, թե ինչ գնահատական կտան «ռուսաստանցի օլիգարխի միջամտությանը» (նկատի ունի Սամվել Կարապետյանին)։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Երևանն ու Բրյուսելը ստորագրեցին գործակցության նոր փաստաթուղթ, համաձայն որի ԵՄ-ն ՀՀ-ին 15 մլն եվրո կտրամադրի մի քանի ծրագրերի իրականացման համար, այդ թվում՝ ականազերծման աշխատանքներին և «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարին։
